ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պետականության թուլացումը գիշատիչ միջավայրում շատ մեծ գոյաբանական ռիսկեր է պարունակում

Պետականության թուլացումը գիշատիչ միջավայրում շատ մեծ գոյաբանական ռիսկեր է պարունակում
05.09.2024 | 21:30

Ընդհանուր առմամբ, նորմալ կյանքով ապրող ժողովուրդները բաժանվում են երկու մասի՝ ղեկավարող վերնախավ և ղեկավարվող ժողովուրդ։

Որևէ երկրի կյանքի նորմալ ընթացքի կարևոր նախապայմաններից մեկը դա նրա վերնախավի և ժողովրդի մենթալիտետային տարբերությունն է։

Երկրի կառավարումը առաջին հերթին պահանջում է աշխարհի գործերից բան հասկանալ, որի համար պահանջվում է փորձ, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ միայն գիտելիքը չի կարող պետական կառավարման հիմնական հարցերի պատասխանները գտնել։

Այս իմաստով շատ հատկանշական է բոլշևիկների կողմից Ռուսաստանում իշխանությունը վերցնելու պատմությունը։

Խորհրդային իշխանության առաջին կառավարությունը կազմված էր բարձր ինտելեկտուալներից, որոնք, սակայն, լրիվ անփորձ էին պետական կառավարման գործում, այն էլ՝ Ռուսաստանի նման ահռելի տարածքով երկրում։

Չունենալով կադրային բազա և բազմաթիվ ուղղություններով բախվելով ճգնաժամային իրավիճակների հետ՝ խորհրդային իշխանությունը գտավ տվյալ պայմաններում իշխանությունը պահելու միակ միջոցը՝ տոտալ կարմիր տեռորը։

Այդ էլ այն դեպքում, երբ երկրի չքավոր հիմնական բնակչությունը իշխանությանը կողմ էր, քանի որ տեղերում մասսայական ձևով իշխանությունը տրվում էր աղքատներին, և իրենք էլ ուժ ունեին։

Այս իմաստով բոլորովին այլ էր վիճակը, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունները ստացան անկախություն և կանգնեցին անկախ պետականություն կառուցելու խնդրի առաջ, այդ էլ այն դեպքում, երբ դասական իմաստով չունեին քաղաքական էլիտաներ։

Հետխորհրդային նորանկախ երկրներում պետական գործից շատ թե քիչ հասկացողները նախկին կոմունիստական ղեկավարներն էին և, աստիճանաբար, նրանց մի մասը վերադարձան իրենց նախկին դիրքերին, այդ թվում Շեվարդնաձեն՝ Վրաստանում և հայր Ալիևը՝ Ադրբեջանում։

Այս իմաստով մեր բախտը չբերեց Դեմիրճյանի զոհվելու պատճառով, և ժամանակի հետ մենք ավելի ու ավելի կհասկանանք, թե ինչպիսի ճակատագրական կորուստ էր դա մեր անփորձ պետականության ու մեր ժողովրդի համար։

Ինչևէ, այդ մահը մեզ զրկեց առանց այդ էլ կասկածելի ապագայից, քանի որ մենք վերջնականապես զրկվեցինք ինտելեկտուալ զարգացման վերջին փոքր շանսից և ամբողջությամբ բռնեցինք պլեբեյական/գավառական ճանապարհը։

Այս ճանապարհի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ ինչ-ինչ օրինաչափությունների համաձայն իշխանության ղեկին հայտնվում են հատկությունների յուրատեսակ փունջ ունեցող պլեբեյները, որոնց առաջնահերթությունների ցուցակում առաջինը հարստանալն է՝ բոլոր հնարավոր միջոցներով։

Այս հիմնարար խնդրից էլ բխում է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով իշխանությունը չկորցնելու գերխնդիրը, նպատակ, որին այնուհետև ենթարկվում է ամեն ինչ։

Պետական-իշխանական կյանքի նման ընթացքը ծնում է հասարակական նոր երևույթներ, ներառյալ՝ վերնախավ-ժողովուրդ նոր հարաբերությունները։

Այն երկրներում, որտեղ վերնախավը հմուտ է պետական կառավարման գործում, հասարակ ժողովուրդը զգում է դա և ստանձնում է կառավարվողի դերը, որը պետականությանը տանում է դեպի կայունացում։

Իսկ այն երկրները, որոնք բռնում են պլեբեյական զարգացման կեղծ ճանապարհը և կատարում են սխալը սխալի հետևից, հասարակ մարդը տեսնում է դա և կորցնում հավատը երկրի ղեկավարության նկատմամբ։

Որպես դրա հետևանք՝ երկրի ժողովուրդը աստիճանաբար կորցնում է կառավարվողի ու ռացիոնալ հրամանին ենթարկվողի իր հիմնարար հատկությունը, այսինքն, նահանջում է դասական իմաստով քաղաքացու դիրքերից։

Մի հանգամանք, որ իսկական պետականամետ վերնախավ-էլիտա չունենալու անմիջական հետևանքն է, որն էլ, իր հերթին, բերում է պետականության թուլացմանը։

Իսկ պետականության թուլացումը գիշատիչ միջավայրում, իմիտացիոն բնույթի պետականություն-երկրի համար, շատ մեծ գոյաբանական ռիսկեր է պարունակում։

Մյուս կողմից էլ, համապատասխան գիտելիք ունենալը պետք չէ խառնել քաղաքական վերնախավ լինելու հետ, քանզի դրանք տարբեր բաներ են։

Երբեմն թույլ երկրների բախտը բերում է, երբ նրանց դրածո իշխանությունը, հմուտ կառավարվող լինելով հանդերձ, նաև հմուտ հայրենասեր է լինում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2775

Մեկնաբանություններ